BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Կինոժառանգության թվայնացման առումով մենք իսկապես խնդիրներ ունենք»

«Կինոժառանգության թվայնացման  առումով մենք իսկապես խնդիրներ ունենք»
05.06.2015 | 11:46

«Կինոյի մասին» ՀՀ օրինագիծ մշակելու նպատակով չորս հանձնաժողովային նիստ է գումարվել, ներկայումս նախագիծն ու դրանից բխող հարակից օրենքների նախագծերը շրջանառության մեջ են, որոշակի գնահատականներից հետո կկազմակերպվեն հանրային լսումներ:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ, նշելով, որ «Կինոյի մասին» օրենք ունենալու նպատակը կինոոլորտի կարգավորումն է և կինոարտադրության համար ՀՀ-ում նպաստավոր պայմանների ստեղծումը. «Որպես օրինակ, միջազգային երկկողմ պայմանագրեր կնքելու համար անհրաժեշտ նախապայման է կինոոլորտի կարգավորված լինելը: Իսկ այդ պայմանագրերը կինոոլորտում բավական լուրջ ներդրումներ կարող են ապահովել»:

«ՈՉ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԴՈՄԻՆԱՆՏ ՉԵՆ»


-Պարոն Պողոսյան, ի՞նչ կարող է փոխել «Կինոյի մասին» օրենքը հայաստանյան կինոաշխարհում, եթե չունենք կինոթատրոններ, կինոստուդիա:
-Ոչ մի երկրում պետական կինոարտադրողները դոմինանտ չեն: Այսինքն, ավելի քիչ են, քան մասնավոր կինոարտադրողները: Մեր երկրում երկու կինոարտադրող կազմակերպություն կա. մեկը կինոկենտրոնն է, որը հանդես է գալիս երկու գործառույթով` կինոարտադրության նախագծերի հայտերի ֆինանսավորմամբ և կինոարտադրությամբ, մյուսը «Հայֆիլմ» կինոստուդիան է: Մնացած բոլոր պրոդյուսերական կենտրոնները, կինոարտադրող կազմակերպությունները ոչ պետական են: Մոտեցումն այնպիսին է, որ մենք պետք է դաշտ ստեղծենք հենց ոչ պետական կինոարտադրողների համար, որպեսզի նրանք կարողանան մրցունակ արտադրանք տալ: Պետությունից ֆինանսավորվող պետական կինոարտադրողները արդեն իսկ մրցակցային առավելություն ունեն մյուսների նկատմամբ:
Ես Ձեզ հետ համաձայն եմ այն առումով, որ կինոյի վարձույթի և հանրությանը ցուցադրելու հետ կապված մենք խնդիրներ ունենք, որովհետև կինոդահլիճների ցանցը Հայաստանում զարգացած չէ: Բայց հենց «Կինոյի մասին» օրենքով խրախուսող մեխանիզմներ ենք ուզում մտցնել, պետությունը ազգային կինոյի կարգավիճակ ունեցող կինոֆիլմերին կաջակցի, որպեսզի դրանք հանրությանը ներկայացվեն, մասնակցեն միջազգային կինոփառատոների և այլն:


ՖԻԼՄԵՐԸ ԹՎԱՅՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ


-Այս տարի ավարտվում է «Գաֆեսճյան» հիմնադրամի իրավասությունների ժամկետը` կապված «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ: Հիմնադրամը իրականացրե՞լ է պայմանագրային պարտավորությունները: Օրինակ, թվայնացման գործընթացը անհանգստացնում է մասնագետներին, ֆիլմերի ռեժիսորներին ու նրանց ժառանգներին, քանի որ թվայնացման ժամանակ, բացի տեխնիկական խոտանից, ստեղծագործական լուրջ խոտան է եղել:
-«Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման գործարքը կնքվել է 2005-ին: Կինոժառանգության պահպանության մասով նախատեսված էր, որ «Հայֆիլմ» կինոստուդիան պետք է 460 ֆիլմ թվայնացնի: Դա պայմանագրային պարտավորություն էր: Թվայնացվել են 220-ը, և թվայնացման որակը մեզ չի բավարարել, հանձնաժողովը չի ընդունել այդ ֆիլմերի մի մասը: Այսինքն, կինոժառանգության թվայնացման առումով մենք իսկապես խնդիրներ ունենք: Ասեմ, որ այս տարի կինոստուդիայի գույքային իրավունքն ու կինոժառանգության տիրապետումը հետ վերցնելու գործընթաց է ընթանում, և մենք ինքներս ենք սկսել կինոժառանգության թվայնացման գործընթացը: Արդեն թվայնացրել ենք 18 ֆիլմ, անորակ թվայնացված ֆիլմերը նորից թվայնացնում ենք` բնօրինակից: Իսկ բնօրինակը, ըստ միջազգային պայմանագրի, պահվում է Ռուսաստանի ֆիլմաֆոնդում, որովհետև մենք պահպանելու նման պայմաններ առայժմ չունենք: Թվայնացման մի մասն իրականացվելու է Ռուսաստանում, մի մասը` այստեղ:
-Թվայնացումը ենթադրում է վերականգնո՞ւմ:
-Մենք ասում ենք թվայնացում, բաց դա նաև վերականգնում է ներառում, ինչքան որ թույլ են տալիս տեխնիկական հնարավորությունները: Ռուսաստանի ֆիլմաֆոնդն ունի այդ հնարավորութունները:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հ. Գ.- «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման գործընթացին և պարտավորություններին առնչվող հարցը, որ ուղղել էինք Արթուր Պողոսյանին, բրիֆինգին ներկա լրագրողներից մեկը յուրացրել էր՝ ներկայացնելով որպես սեփական հարց։ Սովորական բան են դարձել նման «copy-paste»-երը, հեղինակային իրավունքի ոտնահարման տարատեսակ դեպքերը։ Իմ ու քո չկա մեր լրատվական դաշտում։ Այնքան են շատացել գրագողության դեպքերը, որ պայքարելն անիմաստ է թվում։ Մնում է հետևել սեփական խղճի ձայնին ու պահպանել լրագրողական էթիկայի տարրական կանոնները։

Դիտվել է՝ 1130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ